Նա, ով հայկական բանակում վերջին 20 տարվա մեջ բարելավումներ չի տեսնում, ուղղակի հոգուն մեղք է հանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ճյուղային հանձնաժողովում ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով՝ հիմա չկան զինվորական մասեր, որոնք չջեռուցվեն: ՊՆ-ն նաեւ հետեւում է, որ զինվորին մատուցեն ամենալավ մթերքը: «20 տարում շատ բան է փոխվել: Բայց պաշտպանական բյուջեն 20 անգամ չի աճել: Այսինքն՝ մենք սկսել ենք ավելի շատ խնդիրներ լուծել՝ ավելի արդյունավետ ծախսելով միջոցները: Պետք է հիշեցնեմ, որ սկսնակ սպաների աշխատավարձը գրեթե կրկնակի բարձր է Հայաստանում միջին աշխատավարձից: Նախագահի աշխատակազմում աշխատող Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սանը 70-75 հազար դրամ աշխատավարձ է ստանում որպես կրտսեր մասնագետ: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սանն առաջին իսկ աշխատանքային օրվանից ստանում է մոտ 300 հազար դրանմ: Որովհետեւ նա զինվորական է»,- ասաց նախարարը:



























