Հոկտեմբերի 24-ի առավոտյան, ժամը 9:30-ի սահմաններում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխովի եւ Մանթաշյան փողոցների հատման կետում իրար են բախվել ԿԱՄԱԶ-4310 մակնիշի, 63 ՏԼ 037 պետհամարանիշի բենզատարն ու ոստիկանական Peugeot 404 ՈՍ 01 համարանիշի մեքենաները (ֆոտոռեպորտաժ): Պատահարի արդյունքում երկու մեքենաների վարորդներին տեղափոխել են հիվանդանոց:
Ականատեսների խոսքով, բենզատարը բախվել է նաեւ մայթեզրին եւ վնասել 2-3 ծառերի, ապա հարվածել Չեխովի 15 շենքի մոտ գտնվող մեծ ծառին: Հավանաբար հենց ծառն է պահել մեքենան, այլապես այն կբախվեր եռահարկ բնակելի շենքին: Վթարի արդյունքում վնասվել է ջրատարը: Ներկայումս դեպքի վայր ժամանած Շենգավիթ վարչական շրջանի ու ջրմուղի աշխատակիցները ջանքեր են գործադրում վնասված ջրատարը վերականգնելու համար:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում աշխատում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարի վայրում է Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր տեղափոխել էին վարորդներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել ԿԱՄԱԶ-ի 52-ամյա վարորդ Ռուբիկ Սարիբեկի Սահակյանին եւ ոստիկանական մեքենայի 51-ամյա վարորդ Սամվել Միքայելի Խչեյանին:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























