Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում Չեռնոգորիայի նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Կարծում եմ՝ բոլորդ էլ չէիք սպասում, որ 0:2 հաշվով պարտվելուց հետո կարող էինք հաղթել: Մենք հավատում էինք հաղթանակին՝ չնայած նրան, որ պարտվում էինք: Մեր մեջ ուժ գտանք ու կարողացանք հաղթել: Երկրորդ խաղակեսում փորձեցինք անել այն ամենը, ինչ չստացվեց առաջինում: Ուղղեցինք սխալները: Երկրորդ խաղակեսը տեսաք ու ինքներդ կարող եք դատել: Խաղաժամանակի բացակայության պատճառով այսօր ինձ համար դժվար էր ֆիզիկական առումով, բայց կարևորը ցանկություն ունեի: Մինչև վերջ փորձում էի պայքարել: Չէի կարող թիմին ճանապարհի կեսին թողել եւ մտածել, թե ամեն ինչ կորած է եւ հույս չկա: Փորձում էի ամեն ինչ անել ու օգնել: Իմ ձայնից կզգաք, որ հանդերձարանը ցնծում էր: Ներսում մեծ ուրախություն էր: Երեք տարի հաղթանակ չէինք տարել պաշտոնական խաղերում: Կարծում եմ՝ այս հաղթանակը շատ կաևոր էր մեզ համար թե՛ ընտրական փուլում, թե՛ որպեսզի վերելքը սկսվի: Արթուր Պետրոսյանը չորս-հինգ օրում կարողացավ մեծ աշխատանք կատարել՝ չնայած շատ դժվար է: Հուսամ՝ ընտրական մյուս խաղերից առաջ, երբ թիմը հավաքվի, ավելի լավ կպատրաստվենք խաղերին: Մարզիչը կարողացավ կերպարանափոխել թիմը: Մենք խաղացինք հարձակողական ու գրագետ ֆուտբոլ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը:




























