Իրանի ԲՈՒՀ-երում արգելել են հումանիտար նոր ֆակուլտետներ բացել։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Իրանի կրթության նախարար Աբուլֆաս Հասանին նշել է, որ ԲՈՒՀ-երին կարգելվի բացել սոցիոլոգիայի, իրավունքի, հոգեբանության, քաղաքականության տեսության, փիլիսոփայության նոր ֆակուլտետներ, քանի որ իշխանությունը պետք է վերանայի հումանիտար այդ գիտությունների կրթական ծրագիրը։  «Այդ գիտությունների կրթական ծրագրերը հիմնված են արեւմտյան մատերիալիստական սկզբունքների վրա, եւ Իսլամի սրբազան ուսմունքի նկատմամբ անվստահություն են սերմանում»,- ըստ Reuters-ի ասել է Իրանի կրթության նախարարը։

Տեղեկացնենք, որ Իրանի 3,5 մլն ուսանողներից 2 մլն-ը հումանիտար ֆակուլտետներում են կրթություն ստանում։

Հիշեցնենք, որ օգոստոսին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին կոչ էր արել երկրի կառավարությանը ուշադրություն դարձնել կրթական ծրագրերի վրա։