Կալիֆորնայում գտնվող «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ը ներկայացրել է վտանգի տակ գտնվող մշակույթային արժեքները, որոնց մեջ է հայտնվել  Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Անի քաղաքը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ը իր «Պահպանել  մեր կորցրած ժառանգությունը» անունով զեկույցի մեջ ընդգրկած 12  հուշարձանա-մշակույթային կենտրոնների մեջ ներառած եւ Թուրքիայի տարածքում գտնվող 10-11-րդ դարերում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի հուշարձանների պահպանության հետ կապված լուրջ մտահոգություններ է ներկայացնում։  Ըստ որի՝ 10-11-րդ դարում Հայաստանի մայրաքաղաք Անին՝ հայկական քաղաքակրթության անզուգական արժեք է։  «Անիի ավերակների մեջ ամենատպավորիչ եկեղեցու՝  1001-ին կառուցված Անիի մայր տաճարի ոճը մեկ հարյուրամյակ հետո կրկնօրինակեցին Եվրոպայում։ Այժմ անհրաժեշտ է աշխատանքներ սկսել կանգնեցնելու Անիի ավերումը եւ պահպանության տակ առնել այն»-նշվել է զեկույցում։

Անիին նվիրված 2 էջանոց զեկույցում նշվել է, որ Անին անբավարար հոգածության պատճառով կանգնել է ոչնչացման վտանգի առաջ, քանի որ վերանորոգման անվան տակ ենթարկվում է մի շարք բացասական նախաձեռնությունների։