Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների նորաբաց կենտրոնում (ISTC) հայտարարվել են Smarter Armenia’ 16 երկօրյա հաքաթոնի արդյունքները, որին մասնակցել է 13 թիմ:

«Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Triple-E թիմը՝ արժանանալով 1000 դոլար մրցանակի Ռոստելեկոմի կողմից:

«Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում» անվանակարգում հաղթել է Finely թիմը՝  Արդշինբանկի կողմից ստանալով 1000 դոլար մրցանակ:

«Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի հաղթողը Yamaka թիմն է, որը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ստացել է 1000 դոլար մրցանակ:

IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար ISTC-ի կողմից հատուկ մրցանակ (500 դոլար) է ստացել ArmSol թիմը, իսկ  IBM Watson-ի եւ BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի են արժանացել  Worst ever team-ը եւ ArmSol-ը: Վերջիններս հնարավորություն կունենան միանալ IBM Global Entrepreneur ծրագրին եւ  ստանալ 120 հազար դոլար վարկ` ամպային ծառայությունից օգտվելու համար։ 

Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել մեկական ներկայացուցիչ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունից («Ռոստելեկոմ Արմենիա»), Արդշինբանկից, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից, IBM-ից եւ «Գրանատուս Վենչուրս»-ից:

Հայաստանում նոյեմբերի 10-12 ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում ISTC–ը IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Smarter Armenia ’16» հեքեթոնը:

ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ԵՊՀ-ի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: