Վրաստանի տնտեսական զարգացման նախկին փոխնախարար Ուրուզմագ Կարկուսովը հայտարարություն է տարածել, որում իշխանություններին մեղադրել է իրեն քաղաքական հայացքների համար հետապնդելու մեջ։

Կրճատված պաշտոնյան տնտեսությունն ապաշնորհ կերպով ղեկավարելու համար սուր քննադատության է ենթարկել կառավարությանը։ Իհարկե, նա դա արել է հեռու տարածությունից՝ Աֆրիկայից։ Իսկ իր պաշտոնաթողությունը նա պատճառաբանել է «Չվենեբի» («Մերոնք») կուսակցության հետ հարաբերություններով։

Նախկին չինովնիկի հայտարարության մեջ ասվում է, որ իրեն ազատել են «Չվենեբի» կուսակցությունում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար։ Կարկուսովը նշել է, որ իրեն շանտաժի են ենթարկել եւ սպառնացել ձերբակալությամբ։

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ նա պաշտոնանկ է արվել վրացերեն չիմանալու եւ բանակցություններ վարել չկարողանալու պատճառով։ Բացի այդ, Կարկուսովը հանգստի էր մեկնել առանց այդ մասին նախարար Վերոնիկա Կոբալիայի հետ համաձայնության գալու։