ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ ելույթում ասաց նա՝ նշելով, որ կողմ է քվեարկելու նախագծին, որպեսզի Հայոց բանակի զինվորների մարտունակությւոնը բարձրանա:

«Այն զինվորը, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, եթե իրեն ինչ-որ բան պատահի, ավելի մարտունակ է: Այս դեպքում, նա ավելի կենտրոնացած է լինում մարտի վրա, եթե այս մտահոգությունները չի ունենում եւ մարտունակությունն ավելի բարձր է լինում: Սակայն, շատերը նշում են, որ թող իշխանությունները, ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, որպեսզի մեր բյուջեն ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած քաղաքացիներին արժանապատիվ փոխհատուցում տալ: Ճիշտ են ասում, որովհետեւ որպես պետություն, որպես հասարակություն, չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ: Սա յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա արդյունավետ պետություն եւ իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար: Մենք այդ տուրքը պետք է վճարենք, որպեսզի ինքներս մեզ ապացուցենք, որ պետություն ունենալու կամք ունենք»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը թերակատարվել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով:

«Հայոց բանակի զինվորին տրվող սապոգների 40 տոկոսը 20 րոպեի ընթացքում քրքրվում է: Եթե ուզում ենք զինվորների մայրերին օգնել, եկեք այնպես անենք, որ ազատվի «Վերնիսաժից» սապոգ, ներքնաշոր, գուլպա առնելու պարտավորությունից: Այսօր բանակում զինվոր պահելն ուսանող պահելուց ավելի բարդ է դարձել, որովհետեւ այն կարիքները, որոնք պետությունը պետք է հոգա, ստիպված ծնողներն են հոգում: Խոսում ենք զոհվածների մասին, բայց եկեք, ողջերի մասին էլ չմոռանանք, խոսում ենք թալանչի գեներալների մասին,  բայց մոռանում ենք Հայոց բանակում եղած սոցիալական խնդիրների մասին: Տասնյակ տարիներ բանակում ծառայած սպան ունի ամենաչնչին սոցիալական կարիքները, էլ չեմ ասում բնակարանային կարիքների մասին, նախարարն ասում է՝ 20 տարի կպահանջվի այդ հարցը լուծելու համար, էլ չմոռանանք, որ տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասում ա՝ մարդա 100 դրամ տվեք, որ մանկական առողջության հարցերը լուծենք: Խոսում են ապրիլյան պատերազմի մասին, ասում են՝ ո՞նց եղավ, ժամանակն է ասել՝ Հայաստանի կառավարությունը վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով՝ չի տվել փողն ուղղակի: Ասում են՝ մի բարձրաձայնեք, թուրքը կտեսնի, կուրախանա: Բայց մենք պետք է մեր բանակի խնդիրների մասին բարձրաձայնենք: Բանակին գումարն ուղղելու փոխարեն, Դիլիջանում 40 միլիոնանոց սաունա են սարքել, Կենտրոնական բանկում սարի գլխին 60 միլիոնանոց դաչա են սարքել, էս ա ապրիլյան պատերազմը: Չինովնիկները մի քանի միլիոնանոց մեքենաներից իջնում ու ասում են՝ դե մեր պետության միջոցները սուղ են, է թող ձեր համար լինեն սուղ, պատերազմի հավանականությունը շատ մեծ է եւ այս 1000 դրամով մենք հարց չենք լուծելու, ուղղակի ձգելու ենք մեր ժամանակը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: