Ինովացիոն Բիզնես ֆորումի ընթացքում կքննարկվեն չորս հիմնական թեմաներ՝ «Ինովացիոն պրոդուկտներ եւ ծառայություններ», «Բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով», «Գիտելիքների նորարարություն եւ զարգացում» եւ «Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Բիզնես պրոցեսները շատ կարեւոր են: Խոսելով որակյալ կրթության միջոցով տեխնոլոգիական ոլորտում մրցունակ մասնագետներ պատրաստելու մասին ՝ անհրաժեշտ է կարեւորել բիզնես կրթությունը: Պետք է անել ամեն ինչ գրագետ բիզնես գաղափարներին տիրապետող մասնագետներ պատրաստելու համար, որոնք կապահովեն մեր բիզնեսների զարգացումը», – ասաց Հայկ Չոբանյանը:

Խոսելով գիտելիքների նորարարության եւ զարգացման մասին՝ ԻՏՁՄ փոխտնօրենը նշել է, որ դա թերեւս ֆորումի ամենկարեւոր թեմաներից է լինելու: «Այս սեսիայի ընթացքում կունենաք արտասահմանցի խոսնակներ Իսրայելից և Ռուսաստանից: Կքննարկվեն կրթությանը վերաբերվող մի շարք հարցեր, այդ թվում նաև կանդրադառնանք ոչ ֆորմալ online՝  կրթական հարթակներին:

Ամփոփիչ չորրորդ սեսիայի ժամանակ կձեւավորվեն ոլորտի հիմնական մարտահրավերիներն ու խնդիրները՝ հիմնված նախորդ երեք սեսիաների քննարկումների վրա»,- հավելել է Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը:

Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Այն բացառիկ հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  եւ շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կմշակվի օրակարգ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: