Գեներալիտետի դղյակներն ու թանկարժեք մեքենաներն ի՞նչ կապ ունեն 1000 դրամի նախագծի հետ, մեկը մյուսի հետ չպետք է խառնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական աջակցության մասին նախագծին:
«Հազար դրամով բանակ հո չենք պահում, հարցը գաղափարն է, որ մարդիկ պիտի հասկանան, որ մասնակցություն ունենան պետության պաշտպանության գործին: Դրա ամենալավ օրինակը Իսրայելն է: Մենք պետք է ձեւաչափ գտնենք եւ բոլորը, որ իրենց հայ են զգում եւ ուզում են մասնակցել այս պաշտպանությանը, պետք է ձեւ ունենան մասնակցելու: Մարդկանց մի մաս կա, որ ինչ էլ անես՝ դժգոհ են: Ադրբեջանի ուզածն էլ էդ է, որ մենք էստեղ գզվռտվենք»,-ասել է դաշնակցական պատգամավորը:
Արմեն Ռուստամյանն հորդորել է 1000 դրամի նախագիծը չխառնել այն հարցին, որ քաղաքացու եկամուտները չեն ավելանում, թոշակն ու աշխատավարձը չի բարձրանում, սակայն նրա աղքատ գրպանից անընդհատ գումար են կորզում:
«Բոլոր մերն նման պայմաններում գտնվող պետությունները այս քայլով են ամրապնդել իրենց պաշտպանությունը, սա կարեւոր է նաեւ թշնամուն հասկացնելու համար, որ էստեղ միասնականություն կա, ինչպես երեւաց ապրիլյան պատերազմի ժամանակ: Ժողովուրդը հասկացավ, որ եկան սրբեցին բոլորիս տարան, թաց ու չորը խառնվելու է իրար, հաստ ու բարակ դառնալու է մեկ գին»,-ասել է Արմեն Ռուստամյանը:
Հղփացած գեներալիտետի թանկարժեք մեքենաների ու դղյակների հարցը եւս հորդորեց չխառնել այս նախագծի հետ: Ըստ նրա՝ մեկը մյուսի հետ կապ չունի, մինչդեռ հասարակությունը մատնացույց է անում այն հարյուրհազարավոր դոլարանոց աղբյուրները, որոնք ուղղվում է գեներալիտետի սեփական գրպանը:
«Այդ դժգոհությունը չպիտի պատճառ հանդիսանա, որ ճիշտ գաղափարն էլ քարկոծենք: Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, եթե էն մեկը չի արվել, սա՞ էլ չպիտի արվի: Այն գեներալները, որ ձեր կարծիքով, ապօրինի հարստացել են, պետք է գտնել... հիմա դրա համար խնդիր ենք դրել, կառավարության ծրագրում տող կա, որ ապօրինի հարստոությունը պետք է քրեականացվի... Մեկը մյուսին ինչի պիտի խանգարի՞»,-տարակուսել է դաշնակցական գործիչը:




























