Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակեցին Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։