Վրաստանում կայացած ամենամյա GITI 2016  մրցանակաբաշխությանը հայկական պետական հատվածի ստացած երեք մրցանակները վկայում են պետական կառավարման էլեկտրոնային համակարգի զարգացման մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը:

Նրա խոսքով սա աննախադեպ արդյունք է, հատկապես պետական հատվածի համար, քանի որ դեռ երբեւէ այսքան շատ մրցանակի մեր պետական ՏՀՏ հատվածը GITI տարածաշրջանային միջոցառման շրջանակում չէր ստացել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-11 Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառմանը (մրցանակաբաշխություն, կոնֆերանս, ցուցահանդես) պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացել էին բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը հետեւյալ երեք անվանակարգերում՝ Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում (ՀՀ ԿԱ ՊԵԿ, B2B, B2G համալիր համակարգով), Համանյքային Կառավարման լավագույն էլեկտրոնային Համակարգ (ՀՀ Տարածքային Կառավարման եւ Զարգացման Նախարարություն, Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգ), Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ (ԷԿԵՆԳ, Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծ):

Աչքի էին ընկել նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ ստանալով եւս երեք մրցանակ իրենց մշակած լուծումների համար:

Պատվիրակության աշխատանքները ղեկավարում էր ԱՐՄԻՔՍ Հիմնադրամը՝ համակարգելով այն ԻՏՁՄ եւ ՏՀՏ Գործատուների Միության հետ։