2011 թվականի բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշները հուշում են, որ Հայաստանը շարունակում է գտնվել ճգնաժամի մեջ. այդ ճգնաժամն այժմ առավելապես դրսեւորվում է գնաճի տեսքով, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսում զբաղվածների թվի կրճատմամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով, պակաս կարեւոր դրույթ չէ նաեւ Հայաստանից խոշոր կապիտալի արտահոսքը, ինչը լավագույնս վկայում է, որ մեր երկրում բիզնես միջավայրն այնքան էլ բարենպաստ չէ։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանից Վրաստան բավական մեծ չափով կապիտալ է դուրս բերվել, որը ներդրվել է զբոսաշրջության, շինարարության եւ արտադրության բնագավառներում։ Այնինչ տարիներ առաջ, երբ համեմատում էինք երկու երկրների տնտեսությունները, ասում էինք, որ Հայաստանը միանշանակորեն առաջ է Վրաստանից։ Այժմ ճիշտ հակառակն է։ Վրաստանը բիզնես առումով այնքան գրավիչ է դարձել, որ մարդիկ գերադասում են ներդրումներ անել այնտեղ, իսկ սա շատ մտահոգիչ է»,- ընդգծեց տնտեսագետը։
Հարցին, թե ի՞նչ կերպ կմեկնաբանի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարություններից մեկը, երբ նա որպես դրական գործոն նշել էր, որ Հայաստան մուտք գործող տրանսֆերտների տոկոսն այս տարի մեծացել է, Թեւանյանը նկատեց. «Տրանսֆերտների ավելացումը Հայաստանի վարած քաղաքականության հետ կապված չէ։ Դա Ռուսաստանում որոշակի շինարարական աշխուժության հետեւանք է։ Վարչապետի խոսքերը մեկնաբանելը համարում եմ ոչ տնտեսագիտական մոտեցում այն առումով, որ իրենց հայտարարած ծրագրերից որեւէ մեկն իրականություն չի դարձել։ Ես այդտեղ լուրջ բան չեմ տեսնում, որ մեկնաբանեմ»: Նա շեշտեց, որ գնաճն ավելի առաջանցիկ տեմպեր ունի, քան համախառն ներքին արդյունքի աճը։
Վերջում Անդրանիկ Թեւանյանը նշեց. «Որպես մասնագետ կուզեի հուսալ, որ այս իշխանությունները հնարավորինս քիչ կխառնվեն տնտեսական գործընթացներին, որպեսսզի տնտեսությունը գոնե ինքն իրենով կարողանա հաղթահարել խնդիրները։ Բայց այդ միտումները չեմ տեսնում, ընդհակառակը, էլ ավելի են մխրճվում բիզնեսի մեջ»:




























