Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների կողմից կասեցվել է ժամկետանց գարեջրերի եւ բնական հյութերի իրացման փորձ, որի հեղինակներ են եղել ամուսիններ` Կարապետ Կարախանյանն ու Սուսաննա Մակարյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս իրենց ավտոմեքենայով, Երեւանում գործող «Լունա» գիշերային ակումբ հետագա իրացման նպատակով տեղափոխել են մեկ տարով ժամկետանց մոտ 700 հատ «Սլավուտիչ» տեսակի գարեջուր եւ 15 հատ «Սանդորա» բնական հյութ:

Նախնական համաձայնություն ունենալով «Լունա» ակումբի սեփականատեր Լիդա Օհանյանի հետ այն բեռնաթափվել է նշված ակումբի պահեստում: Պարզվել է որ հիշյալ ապրանքատեսակները Հայաստան են ներմուծվել «Ադամիում» ՍՊԸ-ի կողմից եւ ժամկետն անցած լինելու պատճառով, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չեն ոչնչացվել, այլ բեռնաթափվել են աղբանոցի հարևանությամբ բնակվող Կ. Կարախանյանի տանը:

Առգրավված ապրանքների նմուշները ուղարկվել են համալիր փորձաքննության: Նախապատրաստված նյութեր փոխանցվել են ԱԱԾ քննչական վարչություն: