Հայաստանում արդեն երկու տարի է անցկացվում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը` «ԱրմՌոբոտիքսը»: Այն համահայկական երիտասարդական մրցույթ է, որտեղ թիմերը մրցում են իրենց նախագծած եւ պատրաստած ռոբոտներով։ Սակայն, վերջին մրցույթներում՝ օրինակ՝ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ» մրցույթում հաղթողներ չեն գրանցվել, իսկ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթում գրանցվել է ընդամենը երկու 3-րդ տեղի մրցանակակիր։
«ԱրմՌոբոտիքս» մրցույթի ժյուրիի նախագահ, «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը նորմալ է։
«Գուցե զարմանաք, սակայն այդ ամենը նորմալ է։ Սա վազքի մրցություն չէ, որպեսզի վերջապես մեկը հաղթող լինի։ Այս մրցույթի նպատակն այն է, որ մարդիկ մտածեն եւ լուծում տան իրենց առաջադրված խնդրին»,-ասաց Ա. Բարսեղյանը՝ հավելելով, որ մրցույթի իրական նպատակն այն է, որ մասնակիցներն այդ ամենը կատարեն հենց բուն ռոբոտաշինության՝ ռոբոտ սարքելու ժամանակ։
Ա. Բարսեղյանի խոսքով՝ մրցույթի ժամանակ մասնակիցները սովորում են ոչ միայն ռոբոտ պատրաստել, այլեւ թիմային աշխատանք, քանի որ մի թիմում աշխատում են տարբեր մասնագետներ՝ մաթեմատիկոս, ծրագրավորող, մեխանիկ, էլեկտրականության մասնագետ։ Իսկ ուսանողի համար դա շատ լավ փորձ է, սովորել աշխատել նույն թիմում եւ ամեն ինչ միմյանց հետ համաձայնեցնել։
«Եթե հաղթող առաջին տեղ չունենք, դա չի նշանակում, որ մենք ձախողվել ենք կամ նպատակին չենք հասել, քանի որ մրցույթի մասնակիցները տարեցտարի ավելի շատ են աշխատում եւ ավելի շատ են առաջ գնում»,- ասաց Ա. Բարսեղյանը։
Ինչ վերաբերում է մրցույթից մրցույթ առաջադրված խնդիրների բարդացմանը, ապա Ա. Բարսեղյանի խոսքով՝ խնդիրները բարդացվում են նախկին արդյունքները հաշվի առնելով։
«Եթե որեւէ մրցույթ հաղթող չի ունենում, ապա հաջորդ անգամ այդ առաջադրանքը չի բարդացվում»,-ասաց Ա. Բարսեղյանը՝ հավելելով, սակայն, որ հեշտ խնդիրներին մասնակցում են ուսանողներ, իսկ եթե խնդիրները բարդացվում են ընկերությունների աշխատողներն էլ են ցանկանում մասնակցել դրանց։
Տեղեկացնենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը` «ԱրմՌոբոտիքսը» անցկացվում է 2008 թվականից, միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:





























