Հայաստանում տնտեսական մրցակցության խնդիրն, իսկապես առկա է: Այսօր` հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ 2011 թվականի բյուջեով բնակչության եկամուտների աճ չի նախատեսվում, սակայն փոխարենը գնաճը շարունակվում է եւ դեռ կանգ առնելու նշաններ ցույց չի տալիս, Վ. Այվազյանը պատասխանեց. «Պետության կողմից ֆիքսված սոցիալական մասի ծախսումները հաստատուն են եւ կախված մեր պետության պետական բյուջեի եկամուտներից։ Ինչ վերաբերում է շուկայական գնին, ապա այն առաջարկի եւ պահանջարկի հատման կետն է։ Եթե կան այլ գործոններ, որոնք կարող են անուղղակիորեն ազդել գնագոյացման վրա, մի տարբերակ կա. որ տվյալ գնագոյացումը կարող է լինել ոչ արդարացված՝ դա հանցավոր համաձայնությունն ու մենաշնորհն է։ Այս տարբերակն է»:
Ասուլիսի մյուս բանախոս «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, որ գնաճը զսպելու միակ ձեւն այն է, որ պետությունը որեւէ տեղից ներմուծի տվյալ ապրանքը եւ էժան գնով վաճառելով զսպի գնաճը:
«Միակ զսպման տարբերակը սա է։ Պետությունը ցանկության դեպքում կարող է, օրինակ, կարտոֆիլ ներմուծել եւ զսպել գնաճը»,- ասաց նա:





























