Շաբաթ օրը` հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման երկու զինծառայողների, եւ ոչ թե Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների դիակները։

Ինչպես NEWS.am-ի հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 23-ին Երեւան քաղաքի սահմանային կառավարման կետերից մեկում երկու զինծառայողների դիակներ են հայտնաբերվել։ «Հայտնի մանրամասները չեն տարածվում հետքննության շահերից ելնելով»,- ընդգծել են սահմանային կառավարման մամուլի ծառայությունում։

Նշենք, որ հայտնաբերվել են Ռուսաստանի քաղաքացիներ, 27-ամյա Արմեն Զախարյանի եւ 39-ամյա Արթուր Ենոքյանի դիակները։ Նրանցից մեկը մահացել է դանակի հարվածներից, մյուսը՝ հրազենային կրակոցից։ Ավելի վաղ հայտնվում էր, որ երկու զինծառայողների սպանությունը կատարվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։