ՕՊԵԿ-ը Իրանին առաջարկել է նավթի արդյունահանումը սահմանափակել օրական 3․92 մլն բարելի մակարդակի վրա, գրում է «Ռոյթեր» գործակալությունը։
«Հանդիպման ընթացքում ՕՊԵԿ անդամ երկրները առաջարկել են Իրանին սահմանափակել նավթի արդյունահանումը օրական 3․92 մլն բարելի մակարդակի վրա»,- մեջբերում է գործակալությունը իր աղբյուրներից մեկին։
Աղբյուրները նշել են, որ այդ առաջարկն արվել է Գազ արտահանող երկրների ֆորումի շրջանակում ՕՊԵԿ երկրների մի շարք նախարարների հանդիպման ընթացքում։ Ֆորումին մասնակցել են նաեւ Իրանի ներկայացուցիչները, չնայած նավթի նախարար Բիջան Զանգանեն ներկա չէր։ Իրանը դեռ չի պատասխանել այս առաջարկին, հավելել են աղբյուրները։
Ավելի վաղ Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ալի Քարդորը հայտնել էր, որ Իրանը հասել է օրական 4 մլն բարելի՝ այսինքն մինչպատժամիջոցային մակարդակին։ Իրանի նավթի նախարարի՝ միջազգային ու առեւտրի հարցերով տեղակալ Ամիր Զամանի Նիյան հայտնել էր, որ Իրանը ծրագրում է մինչեւ 2020 թ ավելացնել նավթի արդյունահանումը՝ հասցնելով օրական 5․7 մլն բարելի։
Աղբյուրների խոսքով, ՕՊԵԿ-ը մոտ է նավթի արդյունահանման սահմանափակման մասին գործարքին։ Կազմակերպության անդամների մեծ մասը պատրաստ է Իրանի առաջարկել զգալի ճկունություն արտադրական ծավալներում։
Սեպտեմբերի վերջին ՕՊԵԿ-ն Ալժիրում ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում համաձայնեցրել է արդյունահանման սահմանափակումը օրական 32․5-33 մլն բարելի միջակայքում, սակայն կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար որոշակի սահմանափակումների շուրջ պայմանավորվածություն դեռ չկա։ Վերջնական որոշումը պետք է կայացվի նոյեմբերի 30-ին Վիեննայում ՕՊԵԿ հանդիպման ժամանակ։



























