ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ եւ ներկայացրել գլխավոր վարչության նորանշակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կարեւորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն է հայտնել ծառայության եւ հատկապես արտակարգ իրավիճակներում դրսեւորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար:

Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարեւորել է հատկապես անձնակազմի պատրաստակամության եւ պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները:

«Այս պահանջը ես էսօր էլի դնելու եմ հետախուզության գլխավոր վարչության պետի եւ տեղեկալի առաջ, որ պատրաստեն կադրեր: Սա դարբնոցն ա, էստեղից են գնում իմպուլսները եւ այստեղ պետք է կարողանանք ունենալ լավագույն կադրերին, որպեսզի սերնդափոխության համար կադրեր ունենանք»:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: