Հայաստանի մարզերում անվճար բուժօգնության ծրագրի իրականացման ժամանակ Հանրապետական կուսակցությունը հակաօրինական որեւէ քայլ չի կատարել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, պետք չէ ամեն ինչում ենթատեքստ փնտրել, առավել եւս եթե նման բան չկա: «Շատ բժիշկներ, անհանգստացած, որ մարզերի բնակչությունը չի կարողանում որակյալ բուժօգնություն ստանալ մայրաքաղաքում, արձագանքեցին մեր կոչին: Ի՞նչ վատ բան կա դրանում: Ծրագրի իրականացման ընթացքում տասնյակ մարդկանց կյանք է փրկվել, մարզերի բազմաթիվ բնակիչներ տարիներով բուժստուգման չէին գնացել: Ամեն ինչում պետք չէ չար ենթատեքստ փնտրել: Ինչի՞ են ձգտում այդ մարդիկ: Նրանց համար ավելի լավ կլինի՞, եթե հիվանդները տառապեն»,- հայտարարել է Սահակյանը՝ հավելելով, որ նախաձեռնող խումբը կարող էր ավելի օգտակար գործով զբաղվել: Ըստ Սահակյանի այդ ծրագրի իրագործման ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի լումա չի վատնել բյուջեից եւ ամեն ինչ արվել է կուսակցական միջոցների հաշվին:
Նշենք, որ «ՀՀԿ ապօրինությունների դեմ նախաձեռնող խումբը դիմել է գլխավոր դատախազին՝ հայտարարելով, թե ՀՀԿ-ն բարեգործությամբ է զբաղվում՝ խախտելով սահմանադրական կարգը, մասնավորապես խոսքը գնում է մարզերի բնակիչներին անվճար բուժօգնություն տրամադրելուն:
Հատկանշական է, որ ՀՀԿ-ի այս գործունեությունն այնպիսի ջանասիրությամբ է լուսաբանվում բոլոր հեռուստաընկերությունների եթերում, որ այն նախընտրական քարոզչություն է հիշեցնում: Եթե խնդիրն,իսկապես, մարդկանց օգնելն է, այլ ոչ ՀՀԿ-ի քարոզչությունը, ինչո՞ւ է այդ մասին ամեն օր ու անընդհատ հայտարարվում:




























