Օրերս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայց է ներկայացրել Վարչական դատարան, որով վիճարկում է «մարտ 1»-ի դեպքերի ժամանակ իշխանությունների, եւ հատկապես ուժային կառույցների գործողությունների իրավաչափությունը։

Որպես հայցվոր հանդես են գալիս 100-ից ավելի քաղաքացիներ:

Նրանց հայցապահանջը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «2008թ. մարտի 1-ից Հայաստանի նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանության մարմինների, մասնավորապես, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության կողմից նախաձեռնված ՀՀ քաղաքացիների արտահայտվելու ազատության իրավունքի, հավաքների ազատության իրավունքի, տեղաշարժվելու ազատության իրավունքի խախտումները, 2008 թվականի մարտի 1-2-ը իրականացվող խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու եւ ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վերոնշված իրավունքները Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտմամբ սահմանափակելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ»: Այս պահի դրությամբ, ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք ՀԱԿ-ի հայցն ընդունվել է վարչական դատարանի վարույթ: