2010 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 17,8 տոկոսով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 987.8 մլն խմ:

 «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացված տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում իրացվել է 988.0 մլն խմ, ինչը 13,3  տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Իրացումը կատարվել է նաեւ ներքին պաշարների հաշվին, որոնք զուգահեռաբար վերականգնվել են:

Նախորդ տարվա համեմատ 15,3 տոկոսով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 339.4 մլն խմ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խմ, ինչը 51,5  տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 188.6 մլն խմ, ինչը 4,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2,8 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 230.9 մլն խմ եւ 3,4 տոկոսով ավելացել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 126.0 մլն խմ: