Ազատության հրապարակի շրջակայքում տեղակայված սրճարանների ձեռքն ուղղակի խելագարվում ենք, բայց ո՞ւմ բողոքենք, մեր բողոքով հնարավո՞ր է, որ դրանցից մեկնումեկը փակվի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը։
«Այնքան նեղվելու բան ունենք. էս սրճարանները եկան, թատրոնի բոլոր տարածքները գրավեցին։ Ասելու շատ բան կա, ի՞նչ ասեմ։ Բայց որ բողոքենք, մի սրճարան կարո՞ղ է քանդվի։ Ճիշտ է, ըմբոստացած ամբոխներ չենք հավաքել, բայց շատ անգամ ենք այս հարցը բարձրացրել։ Երկրի ղեկավարությունը, բարձր պաշտոնյաները լինում են այստեղ, բոլորի հետ էլ նման խոսակցություններ ունեցել ենք։ Ես միշտ էլ բոլորին ասել եմ. գնացեք, աշխարհի բոլոր օպերային թատրոնները տեսեք. պարսպապատված, մեծ տարածքներով՝ 2 հա, 8 հա, 10 հա։ Իսկ մենք մեր շենքից դուրս ոչ մի մետր տարածք չունենք։ Տարածքը, որ այժմ ցանկապատված է Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի կողմերից եւ որտեղ այժմ սրճարաններ են, նախկինում ամբողջությամբ պատկանել է ազգային ակադեմիական թատրոնին»,- նշեց Կոմո Հովհաննիսյանը։
Նշենք, որ Երեւանի 2792-ամյակի միջոցառումների շրջանակներում Ազատության հրապարակի տարածքում հուշանվերների ցուցահանդես-վաճառք է իրականացվում, որը, սակայն, ի տարբերություն օպերայի թատրոնի հարակից տարածքում գործող սրճարանների, ժամանակավոր բնույթ է կրում։ Հուշանվերների ցուցահանդես-վաճառքն իր աշխատանքներն սկսել է հոկտեմբերի 10-ին եւ գործելու է մինչեւ նոյեմբերիի 25-ը։




























