Սեպտեմբեր ամսից հաճախակի դարձած գորշ արջերի այցելությունները Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի համայնքների մրգատու այգիներ վնասներ են հասցրել տեղի բնակչությանը: Աշխարհի տարբեր մասերում «մարդ-արջ» հակամարտության նման օրինակները բազմաթիվ են հատկապես աշնանային բերքի ժամանակահատվածում: Հայաստանը նույնպես բացառություն չէ, եւ վայրի արջերի ներխուժումից ամենից շատ վնասներ են կրել Նռնաձոր, Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի բնակիչների մրգատու այգիները:

Մուտք գործելով գյուղացիների այգիներ` արջերը ոչ միայն ուտում են պտուղները (խաղող, թուզ, նուռ), այլեւ կոտրում են բերքատու ծառերը:

Ելնելով ստեղծված իրավիճակից`Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը, առաջնորդվելով «բնության հետ ներդաշնակ ապրելու» իր ընդհանուր առաքելությամբ, աջակցում է մի նախաձեռնությանը, որի շրջանակներում տեղական բնակիչները «Արեւիկ» ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ գիշերային ժամերին հերթապահություն են իրականացնելու` պտղատու այգիները պահպանելու, ինչպես նաեւ արջերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Այս ծրագիրը նպատակ ունի պահպանել Հայաստանի կարմիր գրքում գրանցված գորշ արջի պոպուլյացիան եւ նրա անվտանգությունը` կանխելով գյուղացիների կողմից անցանկալի, բայց ակնհայտ սպասվելիք ապօրինի որսը, ինչպես նաեւ աջակցել Մեղրիի շրջանի համայնքներին` զերծ պահելու նրանց մրգատու այգիները արջերի հասցրած վնասներից: