Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 21-ին, նշում է Սուրբ Աստածածնի տաճարին ընծայման տոնը, որի առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Տոնն անփոփոխ է եւ ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին:

Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչեւ նշանվելը:

Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականից հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ:

Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է: