Անհրաժեշտ է Վահան Շիրխանյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել. խոսքը մարդու կյանքը փրկելու մասին է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ քրեակատարողական հաստատությունում բժիշկներն ի վիճակի չեն նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ: «Ես նրա հետ երեք օր առաջ եմ խոսել, նա ասաց, որ 11 ամիսների ընթացքում մոտ 4 հազար հաբ է ընդունել: Արդյունքն այն է, որ նա առողջ է ձերբակալվել, իսկ այժմ արդեն հաշմանդամ է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Ինձ ցնցեց այն տեղեկությունը, որ արդեն 3 ամիս շարունակ Շիրխանյանն ի վիճակի չի եղել լոգանք ընդունելու, քանի որ դրա համար նա պետք է մեկ հարկ իջնի եւ ցնցուղի տակ կանգնի, ինչն ուղղակի ի վիճակի չէ անել»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ այստեղ որոշակի դիտավորություն կա այնպես անել, «որպեսզի Վահան Շիրխանյանը բանտից ողջ դուրս չգա»: Հայկ Ալումյանն ընդգծեց, որ վիճակը չափազանց ծանր է:

Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում: