Թերթի փոխանցմամբ, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե «Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը Հայաստանը պատասխանում է «ասիմետրիկ քայլերով», որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, բայց` արդյունավետ:

Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, թե պաշտպանական բնագավառի Ադրբեջանի ծախսերը հաջորդ տարի աճելու են շուրջ 90 տոկոսով եւ կազմելու են մոտ 3.1 միլիարդ դոլար, մինչդեռ, նախնական տվյալներով` Հայաստանի ռազմական բյուջեն 2011 թվականին կազմելու է մոտ 385.5 միլիոն դոլար, ինչը շուրջ 8 անգամ քիչ է ադրբեջանականից:

«Ընդհանրապես ասիմետրիկությունը ռազմական արվեստում ենթադրում է հակառակորդին փոքր ուժերով, փոքր կարողություններով անընդունելի վնաս հասցնելը»,- նկատել է Դավիթ Տոնոյանը` պարզաբանելով «ասիմետրիկ քայլեր» ձեւակերպումը: «Մենք զարգացնում ենք ռազմավարական զսպման համակարգը եւ դրանով իսկ Բաքվին պարտադրում ենք խաղաղություն»,- ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: