Արհեստական ինտելեկտը կփոխի մարդկության կյանքը, բայց ոչ մեզ համար սպասելի ձեւով, ասել է Signal-N ընկերության տեխնիկական տնօրեն Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Devfest Armenia 2016 կոնֆերանսի ժամանակ: «Այն ինչի մասին հիմա բոլորն են խոսում ու թվում է թե վերջին նորությունն է տեխնոլոգիաներում, այնքան էլ ճիշտ չէ: Արհեստական ինտելեկտի մասին խոսակցությունները ցիկլիկ բնույթ են կրում եւ ակտիվանում են մոտավորապես ամեն 10-20 տարին մեկ: Մենք հիմա ԱԻ «գարնան ժամանակահատվածում ենք»»,- ասում է Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը,- «Այդ ակտիվացումը հսկայական տվյալների եւ մեքենայական հզորությունների հետեւանք է: Կհամաձայնեմ այն կանխատեսումների հետ, որ ԱԻ-ին փոխելու է մեր բոլորի կյանքը, բայց հաստատ ոչ այն կերպ, ինչպես մենք պատկերացնում ենք:»

Signal-N ընկերության տեխնիկական տնօրենի խոսքով ԱԻ ոլորտում զարգացումները եւ հեռանկարները բազմաթիվ բանավեճերի առիթ են այժմ, սակայն ինքը հոռետեսորեն չի մոտենում այս հարցին: «Շատերը պնդում են, որ ԱԻ կիրառությունները կխթանեն գործազրկությունը, սակայն ես կբերեմ Շվեդիայի եւ Ճապոնիայի օրինակը, որտեղ գրեթե բոլոր ոլորտները ավտոմատացված են, սակայն դա ոչ միայն գործազրկության չի բերել, այլեւ այս երկրներն աշխարհում ամենացածր գործազրկությունն ու ամենաբարձր աշխատավարձերն ունեն: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ»,- ասում է Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը:

Շատ գիտնականների եւ փիլիսոփաների կարծիքով առաջիկա 15 տարիների ընթացքում ամենբարդ խնդիրը կլինի անվտանգ ավտոնոմ մեքենաների եւ ռոբոտների ստեղծումը. անհրաժեշտ կլինի նաեւ հասարակության շրջանում բարձրացնել վստահությունը արհեստական ինտելեկտով համակարգերի նկատմամբ: