Ռուսական N-Tech.Lab-ը թողարկել է FindFace Enterprise Server SDK գործիքների հավաքածուն, ինչը թույլ կտա ընկերություններին FindFace դեմքերի ճանաչման տեխնոլոգիան ինտեգրել սեփական ՏՏ ինֆրակառուցվածք: Այս մասին գրում է vc.ru-ն:
Ընկերությունից ասում են, որ SDK-ն թույլ կտա հաճախորդներին ոչ միայն ներմուծել դեմքերի ճանաչման ալգորիթմը, այլեւ սեփական լուծումները մշակել՝ հիմնվելով գոյություն ունեցածի վրա: Տեխնոլոգիան թույլ կտա համեմատել դեմքերը եւ գտնել համընկնումներ՝ 250 մլն լուսանկարների բազայի հիման վրա 70%ից բարձր ճշտությամբ:
SDK-ն կարող է օգտագործվել բանկային, retail, անվտանգության, զվարճանքների ինդուստրիաներում, ինչպես նաեւ ծանոթությունների եւ այլ ծառայություններում: Տեխնոլոգիան կիրառելի է նաեւ պետական եւ պաշտպանական համակարգերում, պնդում են NTechLab-ից:
SDK-ի գինը դեռեւս չի հրապարակվում, քանի որ FindFace Enterprise Server SDK չի հանդիսանում վերջնական պրոդուկտ:
Ընկերության ներկայացուցչի խոսքով նրանք արդեն տասնյակ նախնական պատվերներ ունեն:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերին N-TechLab-ը ներկայացրել էր FindFace Cloud API ամպային ծառայությունը, որը թույլ էր տալիս ընդհանուր ամպի միջոցով FindFace տեխնոլոգիաները ինտեգրել այլ հավելվածների հետ:




























