Դեկտեմբերի 3-4-ին «Կոլբա Լաբ»-ը Աղվերանում կազմակերպում է բաց տվյալների երկօրյա հեքեթոն, որի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ՝ օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները: Մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է:
Ինչպես NEWS.am–ին հայտնեցին «Կոլբա Լաբ»-ից, ընկերությունում ակնկալում են հաքաթոնի արդյունքում ունենալ մշակված երկու տեսակի լուծումներ՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, օգտատերերի համար հարմարավետ օգտագործման ձեւաչափի լուծումներ եւ բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական ծրագրեր եւ գործիքներ:
Հաքաթոնի առաջին օրը (դեկտեմբերի 3-ին) կկայանան մի շարք աշխատանքային հանդիպումներ բաց տվյալների շտեմարանների հետ աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես, ինչպիսի գործիքներ է կարելի մշակել այդ շտեմարանների հիման վրա: Մասնակիցները կծանոթանան բաց տվյալների բազաների հետ աշխատելու համար համապատասխան վերլուծական տեխնոլոգիական մեթոդների, ինչպես նաեւ կքննարկեն աշխատանքի հնարավոր բարդություններն եւ հնարավորությունները:
Աշխատանքային օրվան կհաջորդի բուն հաքաթոնը, որի ընթացքում մասնակիցները թիմեր կկազմեն՝ համապատասխան առաջադրանքի շուրջ: Մասնակիցները կընտրեն ներկայացված բաց տվյալների շտեմարաններից իրենց առավել հետաքրքիրը, որի շուրջ կաշխատեն՝ մշակելով առաջարկվող լուծման մոդելը (նախատիպը):
Երկրորդ օրվա ավարտին յուրաքանչյուր թիմ կունենա 5-7 րոպե՝ գնահատող հանձնաժողովին ներկայացնելու իրենց մշակած լուծումը: Լավագույն գաղափարները հնարավորություն կստանան անցնել “Կոլբա Լաբ»-ի ինկուբացիոն շրջանը:
Մասնակցության հայտը հասանելի է հետեւյալ հղումով.
Միջոցառումը կազմակերպվում է Եվրո Միության կողմից ֆինասավորվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում:




























