Իրանն սկսել է Բուշերի իր առաջին ատոմակայանը լիցքավորել միջուկային վառելիքով, հաղորդում է CNN-ը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորուջերդին նշել է, որ Իրանը պետք է շարունակի ծրագրի իրականացումը, առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների պատժամիջոցներին: Իրանի ատոմակայանի համար վառելիք մատակարարողը Ռուսաստանն է, որը նաեւ իր տարածքում կընդունի միջուկային թափոնները, հաղորդում է Vesti.kz-ն:
Ռուսաստանը միացել է Բուշերի ատոմակայանի նախագծի իրականացմանը 1995-ին: Ատոմակայանն սկսել են կառուցել դրանից 20 տարի առաջ: Նախապես նշվում էր, որ այն շահագործման կհանձնվի 1999-ին, սակայն այդ ժամկետը մի քանի անգամ հետաձգվեց տարբեր տեխնիկական, ֆինանսական եւ քաղաքական գործոններով պայմանավորված:
ԱՄՆ-ում պնդում են, որ այդ ատոմակայանը միջուկային զենք պատրաստելու համար շղարշ է: ՄԱԳԱՏԵ-ն ձգտում է հասնել նրան, որ իր տեսուչները ներկա լինեն Իրանի այդ ոլորտի բոլոր օբյեկտներում: Բուշերի ատոմակայանը գործարկվել է այս տարվա օգոստոսին:





























