Կենտրոնական Ֆլորիդայի Համալսարանի գիտնականները մշակել են ճկուն սուպերկոնդենսատորի ստեղծման տեխնոլոգիա, որը թույլ կտա պահել ավելի էներգիա եւ սարքը լիցքավորել 30 հազարից ավել  անգամ, գրում է Phys.org-ը: 

Նոր մեթոդը կարող է տեխնոլոգիական հեղաշրջում կատարել տարբեր ոլորտներում՝ սկսած բջջային հեռախոսներից մինչեւ էլէկտրոմեքենաներ: «Եթե տրադիցիոն մարտկոցները փոխարինվեն սուպերկոնդենսատորներով, ապա հնարավոր կլինի հեռախոսը լիցքավորել վայրկյանների ընթացքում»,- ասում է հետազոտական խմբի մասնակից Նիթին Չուդհարին:  

Սովորական մարտկոցները շարքից դուրս են գալիս մոտ 18 ամսվա օգտագործումից հետո: Գիտնականների կարծիքով տրադիցիոն լիթիում-իոնային մարտկոցները պետք է փոխարինել սուպերկոնդենսատորային մարտկոցներով: 

Որպես սուպերկոնդենսատորներ օգտագործվել են նանոմետրանոց հաստությամբ մոտ միլիոն թելիկներ, որոնք պատված են երկչափ նյութի շերտով: Բարձր թափանցելիությամբ միջուկն ապահովում է էլեկտրոնների արագացված անցումը արագ լիցքավորման եւ լիցքաթափման համար: Միատեսակ երկչափ շերտերը տալիս են էներգիայի եւ հզորության բարձր խտություն: Լիթիում-իոնային մարտկոցների կյանքի ցիկլը մոտ 1500-ի հավասար, իսկ սուպերկոնդենսատորային մարտկոցինը՝ ավելի, քան 30 000: