Եթե նախագահն առաջարկի խորհրդարանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` Աստրախանի հանդիպումից հետո, դա տեղի կունենա առանց որեւէ խնդրի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի ղեկավարությունն ու կառավարող կոալիցիան աննպատակահարմար են համարում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» կուսակցության օրինագծի ընդունումը, քանի որ հանդես են գալիս խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորելու օգտին:

«Թող որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե խորհրդարանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը, կոալիցիան չեն ցանկանում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը: Ուղղակի մենք փորձում ենք չխոչընդոտել բանակցային գործընթացին, չենք ցանկանում դրանք խանգարող ինչ-որ քայլ անել»,- ասել է ԱԺ նախագահը: Նա նաեւ խոստացել է, որ «ժառանգության» օրինագծի քվեարկությունը տեղի կունենա այս քառօրյայի ընթացքում: «Ես առաջարկեցի «Ժառանգություն» խմբակցությանը մինչեւ հարցն օրակարգ մտցնելը համաձայնեցնել այն կոալիցիոն ուժերի հետ, բայց իրենք չլսեցին»,- ասել է խորհրդարանի նախագահը՝ հավելելով, որ հարցը կարելի է հանել միայն նախաձեռնողների համաձայնությամբ:

«Եթե քաղաքական որոշում կայացվի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, հարցը կմտցվի օրակարգ անգամ արտահերթ կարգով»,- նկատել է Աբրահամյանը՝ նշելով, որ օրինագծի քվեարկությունը կայանալու է վաղը կամ մյուս օրը: