Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (GTC) արդեն 23 ընկերություն է գործում՝ 180 ծրագրավորողներով ու տեխնիկներով։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է GTC–ի բիզնեսի զարգացման հարցերով մենեջեր Հրայր Արամյանը։
Ընկերությունների հիմնական մասը ծրագրեր է գրում, մյուս մասը զբաղված է անիմացիայով ու կրթական նախագծերով։
23 ընկերություններից 12-ը աշխատում են Կենտրոնում՝ Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային համայնք ու նորարարություններ մրցունակության համար» ծրագրի աւջակցությամբ, որով մարել են վարձակալության գումարի մի մասը։
«Եվս 2 ընկերություն, որը սկսել էր աշխատել մեզ մոտ, հիմա տարածք են վարձակալում այլ վայրերում, բայց էլի Գյումրիում։ Իսկ դա մեզ համար կարեւոր է»,- նկատեց Արամյանը։
Հիմա կենտրոնը ուզում է ռեզիդենտ ընկերություններին առաջարկել, որ հենց իրենք ուսումնական դասընթացներ կազմակերպեն ապագա աշխատակիցների համար։ «Մենք ուզում ենք, որ նրանք հենց այնպիսի մասնագետներ պատրաստեն, որոնց կարիքն ունեն՝ լինի դա Java Script, PHP, HTML-ի իմացություն, թե որևէ այլ բան։ Թե չէ երիտասարդը կսովորի ու կմեկնի Երեւան։ Էլի լավ է, բայց մենք ուզում ենք, որ մասնագետները այստեղ մնան»,- ասաց Արամյանը։




























