Հոկտեմբերի 26-ին Իրաքի գերագույն դատարանը երկրի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին դատապարտել է մահապատժի: Ինչպես հաղորդում է Իրաքի պետական հեռուստատեսությունը, նա մեղավոր է ճանաչվել շիա մահմեդականների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ 1999 թվականին:
Ազիզը իրաքյան ղեկավարության առանցքային դեմքերից էր, համակարգում էր արտաքին քաղաքականության հարցերը: 2003-ի ապրիլին նա ինքնակամ հանձնվել է ամերիկյան հրամանատարությանը, քանի որ իրեն մեղսակից չէր համարում Սադամ Հուսեյնի վարչակազմի կատարած հանցագործություններին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
2009-ին իրաքյան դատարանը նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել 1980-ականներին քրդերի բռնի տեղահանման համար: Նրան նաեւ մեղադրում էին 42 առեւտրականների սպանության մեջ: Գործարարներին մեղադրել էին սննդի գներն արհեստականորեն բարձրացնելու մեջ:
Ազիզը թոքերի հիվանդություն ունի, դիաբետ եւ հիպերտոնիա, լուրջ խնդիրներ սրտի հետ: Դա հաշվի առնելով, նրա փաստաբանները բազմիցս դիմել են Իրաքի նախկին փոխվարչապետին ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել էր նրան: 2010թ. հունվարին Ազիզը ուղեղի լայն կաթված էր ստացել եւ ժամանակավորապես զրկվել խոսելու ընդունակությունից:



























