Այսօր` հոկտեմբերի 26-ի առավոտյան Իրանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Տիգրան Սարգսյանի, այս պաշտոնական այցը Իրան նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռ զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին:
Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին:
Իր հերթին, Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որեւէ սահմանափակում չկա, եւ որ Իրանը պատրաստ է զարգացնել բոլոր նախաձեռնությունները:
Վարչապետը վերահաստատել է Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին։ Այցի ժամկետները կհստակեցվեն ավելի ուշ։
Զրուցակիցները կարեւորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նշվել է, որ Հայաստանը կարող է կարեւոր կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար:
Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հետ հանդիպումը՝ նշելով որ համագործակցության բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնության: Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման առնչությամբ, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ համագործակցության եւ բարեկամության զարգացմանը:





























