Ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության ներկայացրած փաթեթը, որ ներկայացվեց 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, գրեթե չի փոխվել։ Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի՝ վերջերս հայտնած այն մտքին, թե ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու առումով ՀՅԴ-ն իշխանություն եղած ժամանակ այլ կարծիք ուներ, կոալիցիայից դուրս գալուց հետո՝ մեկ այլ:

Նրա խոսքով, ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու ՀՅԴ-ի առաջարկները վերաբերել են հիմնականում հանձնաժողովների ձեւավորմանը։ «Այն ժամանակ այդ հանձնաժողովը բոլորովին այլ եղանակով ձեւավորվեց։ Հնարավոր է՝ իմ տվյալ գործընկերը չի հիշում, բայց առաջարկություններ ներկայացրել էր Վենետիկի հանձնաժողովը։ Ներկայացված տասը տարբերակներից կոալիցիան ընտրեց այն մեկը, որն այժմ գործում է, որպեսզի խուսափեինք հանձնաժողովի առաջարկը մերժելուց: ԺՀՄԻԳ-ի հետ հանդիպումներ ենք ունեցել, եւ ես անձամբ ասել եմ, որ նույն բանը չփորձեն անել նաեւ այս անգամ։ Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի թիկունքում պատրսպարվելով՝ փորձեն մերժել մեր առաջարկները եւ նրանց միջոցով իրենց տարբերակն առաջ մղեն»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, հիմնական առաջարկը, որը մինչեւ հիմա մերժվում է, դա ընտրական մատյանները՝ քվերակողների անուններով, հրապարակելն է։ «Հիմնական կեղծիքները, որ տեղի են ունենում ընտրությունների ժամանակ՝ կապված բազմակի քվեարկության հետ, այս կերպ հնարավոր կլինի կանխել։ Մի բան է, երբ մատյանները փակվում եւ  անձեռնմխելի են դառնում, մեկ այլ բան, երբ դրանք փակցվում են պատին։ Բայց որպեսզի վերահսկման այս մեխանիզմը տեղի չունենա, նրանք Վենետիկի հանձնաժողովին այնպես էին ներկայացրել, որ հանձնաժողովը մեր առաջարկը համարեց գաղտնիության խախտում։ Բայց նույն տրամաբանությամբ այն ժամանակվա մեր կոալիցիոն գործընկերներն ընդունեցին մեր մյուս առաջարկը՝ կնիք դնել քվերակողի անձնագրում։ Մեր մյուս առաջարկներից էր նաեւ ծրարների ներդրումը, սակայն դա էլ կիսատ ընդունվեց»,- նկատեց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ ՀՅԴ առաջարկները կհրապարակվեն ամբողջական փաթեթով՝ վարկաբեկումներից եւ շահարկումներից խուսափելու համար։

Հարցին, թե փորձե՞լ է, արդյոք, ՀՅԴ-ն անցած շաբաթ Երեւանում եղած Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյից ճշտել իրենց ուղարկած առաջարկությունների փաթեթի ճակատագիրը, Ռուստամյանը պատասխանեց. «Նա նախ տեղյակ չէր խնդիրներին։ Մենք այդ հարցերով ավելի շատ պայմանավորվել ենք այստեղ գտնվող մեծ պատվիրակության հետ, եւ որը եկել էր իշխանությունների հրավերով։ Մենք այդտեղ հայտնաբերեցինք, որ փորձ են անում առանց մեզ քննարկել մեր փաթեթը։ Մենք ասեցինք, որ առանց մեր ներկայության նման բան լինել չի կարող»,- ասաց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ Վենետիկի հանձնաժողովն իրենց խոստացել է, որ նոյեմբերին լայն քննարկում կլինի: