Dark net-ում վնասակար ծրագրային ապահովման գների անկումը բերել է կիբեռհանցագործությունների թվի աճի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Kaspersky Lab-ի նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Գորելկինը «Այսօրվա եւ վաղվա կիբեսպառնալիքները» խորագրով կոնֆերանսի շրջանակում:
«Այժմ շատ են հաճախակիացել տարբեր ինֆրակառուցվածքների վրա հարձակումների մասին նորությունները: Ինչու՞: Պատճառը վնասակար ԾԱ գնելու հեշտությունն է. այսօր իսկապես շատ է հեշտացել dark net-ից, օրինակ, DDos գնելը: Dark net-ը կիբեռհանցագործների համար հսկայական շուկա է»,- ասել է Ալեքսեյ Գորելկինը:
Մասնագետի խոսքով հիմա ամենաթրենդային հարձակման տեսակը կրիպտավորումն է: «Հաքերները սիրում են արագ արդյունք: Արագ ձեռք բերվող փողն այն է, ինչը նրանց հետաքրքրում է: Որպեսզի ձեր համակարգը կիբեռհանցագործի համար անձեռնմխելի դառնա, անհրաժեշտ է այն ոչ հրապուրիչ դարձնել՝ տեղադրել DLP, օգտագործել կրիպտավորման, սեգմենտացիայի ծրագրեր եւ այլն: Պետք է այնպես անել, որպեսզի հանցագործը հասկանա, որ գլուխ է ցավեցնելու՝ ձեր համակարգի վրա աշխատելով. հաքերները դա տանել չեն կարողանում»,- հավելել է մասնագետը:
Նոյեմբերի 24-ին կայացել է «Այսօրվա եւ վաղվա կիբեսպառնալիքները» խորագրով գործնական կոնֆերանսը, որը կազմակերպել էր Kaspersky Lab-ի հայաստանյան ներկայացուցչությունը:




























