Հայաստանի, Ռուսատանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք հանդիպումից ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը առանձնապես մեծ ակնկալիքներ չունի։ Այս մասին հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը՝ Ռուստամյանը։

«Սպասելիքներ չունեմ մի պարզ պատճառով։ Երբ որեւէ խնդիր չի լուծվում, բանակցությունների էական արդյունքերի մասին խոսելն անիմաստ է։ Խնդիրն Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքն է։ Այս պարագայում առաջընթաց ակնկալել չենք կարող։ Այժմ առաջացել է անհեթեթ մի վիճակ։ Հակամարտության կողմերը ողջունել են Մադրիդյան սկզբունքերը Բոլորովին վերջերս Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ մենք հասել ենք նրան, որ հայտնի երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում, մեկ հարթության վրա են դրված, ձեռքբերումների թվում խոսվեց նաեւ հայտնի վեց կետերի մասին։ Հիմա մի պարզ հարց եմ տալիս մեր ողջունողներին. որքանո՞վ են համահունչ այդ 6 կետերը 1991 եւ 2006 թվականներին Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքներին։ Եվ եթե դրանք համահունչ չեն, ի՞նչն ենք մենք ողջունում։ Սա շատ կարեւոր հարց է, բանակցային գործընթացն, ըստ էության, մտել է հրապարակային փուլ։ Այն  ժամանակ, երբ բանակցությունները մտնում են հրապարակային  փուլ, նշանակում է, որ գործում է խաղաղության պարտադրման սկզբունքը, այսինքն՝ միջնորդները համոզելու փուլից փորձում են անցնել խաղաղության պարտադրման փուլ»,- ասաց Ռուստամյանը։

ՀՅԴ գործիչը նկատեց նաեւ, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք եռակողմ հանդիպումից կարելի է ակնկալել առավելագույնը խիստ կերպով արված մի կոչ՝ արագացնել գոյություն ունեցող սկզբունքների հիման վրա բանակցությունների ընթացքը եւ անցնել հաշտության մեծ պայմանագրի վրա տարվելիք աշխատանքներին։

Պատասխանելով հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահող երկրներից առավել ակտիվ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանը, ՀՅԴ գործիչը նկատեց, որ դրանում տարօրինակ ոչինչ չի տեսնում։ «Մյուս միջնորդները տեսնում են, որ հակամարտող կողմերն ավելի հակված են Ռուսաստանի հետ քննարկումներին եւ համաձայնության գալուն։ Եթե հակամարտող կողմերն այդպես են ուզում, ինչո՞ւ պետք է մյուսները դրան ընդդիմանան»,- ամփոփեց ՀՅԴ գործիչը։