Դեկտեմբերի 1-ին, Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին կկայանա «Կասպերսկի Լաբորատորիա»-ի միջազգային առցանց մրցույթը ՝ Ձմեռային խաղեր Kaspersky Interactive Protection Simulation (KIPS): Խաղը կօգնի ուժեղացնել մասնակից թիմերի ընկերության անվտանգության համակարգը եւ հաջողությամբ հետ մղել կիբեռհարձակումները։
«Այսօր բոլոր ընկերությունները փորձում են հավասարակշռել անվտանգությունը եւ բիզնես շահերը։ Այդ գործընթացը պարզեցնելու եւ ընկերությունում կիբեռանվտանգության մշակույթը ձեւավորելու հարցում ղեկավարներին ու մենեջերներին ոգեւորելու նպատակով «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ստեղծել է Kaspersky Interactive Protection Simulation (KIPS) օգտակար երկժամյա խաղային վարժանքը՝ ռազմավարական բիզնես-սիմուլյացիայի ձեւաչափով»: Այս մասին ասել է «Կասպերսկի Լաբորատորիա Հայաստան»-ի մարկետինգի տնօրեն Սամվել Զաքարյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով մասնակցելով KIPS ձմեռային խաղերին՝ մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես համատեղել բիզնես շահերը եւ անվտանգությունը, կունենան աշխարհի այլ ընկերությունների խաղացողների հետ մրցելու հնարավորություն։
«Երկժամյա խաղի ընթացքում թիմերին կտրվի հնարավորություն զբաղեցնել ընկերության թոփ-մենեջերի բազկաթոռը՝ բիզնեսը կիբեռհանցագործների հարձակման հետեւանքներից փրկելու համար։ Խաղ-վարժանքի ընթացքում մասնակիցները կսովորեն հաշվի առնել բոլոր սպառնալիքները, ընտրել խնդրի լուծման ճիշտ ալգորիթմ, գործընկերների հետ համաձայնեցնել ռազմավարությունը եւ մարտավարությունը, եւ, դրա հետ մեկտեղ, չմոռանալ գլխավորի՝ շահույթ ստանալու մասին։
Առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի հաղթող, իսկ թիմի անդամներից յուրաքանչյուրը նվեր կստանա iPad»,- հավելել է «Կասպերսկի Լաբորատորիա Հայաստան»-ի մարկետինգի տնօրենը:
Խաղին մասնակցելու համար պետք է նախօրոք գրանցվել https://wseu.kips.site կայքում մինչեւ նոյեմբերի 27-ը:




























