Եթե «Ժառանգություն» կուսակցության՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը հասնի քվեարկության փուլ, ՀՅԴ-ն դրան կողմ կքվերակի. սակայն պետք է անել ամեն բան, որպեսզի հարցը չհասցնի դրան։ Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը։

«Մեզ համար անցանկալի է հարցը քվեարկության հասցնել։ Եթե նման բան լինի, իսկապես դժվար կլինի պատկերացնել, թե ինչ մեծ հարված կհասցնի դա մեր ընդհանուր գործին։ Ադրբեջանը եւ մյուս ուժերը կասեն՝ մեզանից ի՞նչ եք ուզում, ձեր Ազգային ժողովն օրինագիծը չի ընդունել։

«Ժառանգությունն» այս հարցը չպետք է հասցներ այս վիճակին՝ իմանալով, որ օրինագիծը չի անցնելու։ Օրինագծի ընդունումը հսկայական հարված կհասցնի նաեւ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցին։ Կասեն դուք չեք ճանաչել, մեզանից ի՞նչ եք ուզում։ Պետք է հասկանալ մինչեւ ուր գնալ երկրի հեղինակությունը չվտանգելու համար»,- նկատեց Ռուստամյանը։  

Ամփոփելով՝ նա համոզմունք հայտնեց, որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու լավագույն պահը եղել է 1991 թվականը։ «Ճիշտը այն ժամանակ՝ 91 թվականին ճանաչելն էր, երբ ԼՂՀ-ն հռչակեց իր անկախությունը եւ դիմեց աշխարհի երկրներին ու նաեւ Հայաստանին՝ ճանաչել իր անկախությունը։ Այդ ժամանակ էլ պետք էր ճանաչել։ Այսօր մենք ուշացել ենք»,- նշեց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը «վերջին զենքն է»։

Հիշեցնենք, որ ի կզբանե, ՀՅԴ-ն հայտարարում էր, որ իրենք դեմ են այդ օրինագծին եւ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ եթե դեմ քվեարկեն, դա սխալ կհաստացվի հասարակության եւ միջազգային հանրության կողմից: Իսկ վերջերս նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը, հայտարարելով, որ եթե օրինագիծը դրվի քվեարկության` կողմ կքվեարկեն: