Հայաստանի արդարադատության նախարարությունը հերքել է մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի Երեւան ժամանած խումբն իբր ուսումնասիրություններ է անելու Հանրապետության նոտարական գրասենյակներում` պարզելու ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի կապերը Հայաստանի Հանրապետության հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանից:

«Որեւէ իրավապահ մարմնից, այդ թվում` օտարերկրյա իրավապահ կառույցից, վերը նշված հարցադրման առնչությամբ նմանաբնույթ պահանջ չի ստացվել։ Իսկ այլ կերպ, նոտարական գործողությունների գաղտնիության սկզբունքը հիմք ընդունելով, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը (5-րդ հոդված)` դատախազին, դատարանին, քննիչին կամ հետաքննության մարմնին նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեներ կամ բնօրինակներ տալն արգելում է։ Ընդ որում, պահանջը բավարարվում է, եթե այդ իրավասու պաշտոնատար անձանց վարույթում է գտնվում հիշյալ տեղեկատվությանն առնչվող կոնկրետ քաղաքացիական եւ քրեական գործ, կամ, եթե վերջիններս` միջազգային համաձայնագրերին համապատասխան կատարում են քննչական կամ դատական հանձնարարություններ։

Տվյալ դեպքում դրանցից որեւէ մեկն առկա չէ»,- ասված է  տարածված հաղորդագրության մեջ: