Բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող Հայաստանի համար «պետությունը պատկանում է հարուստներին, իսկ հայրենիքը՝ աղքատներին» բանաձեւը կարող է կործանարար լինել, երբ պետության բարիքներից օգտվում են հարուստները, իսկ վտանգի մեջ գտնվող հայրենիքը պաշտպանում են աղքատները: Այս մասին Ազգային ժողովի հարթակից հայտարարել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով հարստության եւ համեստության  հարցերին։

«Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում ստվերի մակարդակը հասնում է 35-40 տոկոսի, այսինքն՝ 3 մլրդ դոլարի, ինչն, ըստ էության, հափշտակվում են առանց այդ էլ աղքատ ժողովրդից»,- հայտարարել է պատգամավորը՝ ավելացնելով, որ հարստությունը դիզում են օրենքը շրջանցելով։ Նա օրինակ բերեց աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Կարլոս Սլիմին, ով ունի 53 մլրդ դոլար՝ 26 անգամ շատ, քան Հայաստանի բյուջեն։ Չնայած խոշոր հարստությանը՝ Դալլաքյանի խոսքով, Սլիմը համեստ կյանք է վարում՝ ամսական ծախսելով ընդամենը 24 հազար դոլար։ Նա, ինչպես նշել է Դալլաքյանը, սեփական ինքնաթիռ չունի, վարում է 2 մեքենա, սովորական ժամացույց է կրում։ «Սլիմը կարծում է, որ մահվանից հետո մարդը պետք է բարի հիշատակ թողնի»,- նշեց Դալլաքյանը։