Եթե այսպես շարունակվի, ապա հայկական կողմը կկորցնի խաղաղությունը, թեեւ հաղթել է պատերազմը: ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, այսօր բանակցային սեղանին դրված խաղի կանոները հակասում են հայկական կողմի շահերին, քանի որ Լեռնային Ղարաբաղում պետք է անցկացվի կրկնակի ինքնորոշման հանրաքվե` Ադրբեջանի թույլտվությամբ:

«Ինչո՞ւ պետք է ԼՂՀ-ն կրկնակի ինքնորոշման հանրաքվե անցկացնի, այդ դեպքում կրկնակի հանրաքվե պետք է անցկացվի նաեւ Ադրբեջանում»,- նշել է Սաֆարյանը: Նա, միաժամանակ բանակցությունների համար վնասակար համարեց այն փաստը, որ Ստեփանակերտը ուղղակի մասնակցություն չունի դրանց:

«Եվ երրորդը, որ հակասում է հայկական կողմի շահերին, դա հայկական վերասհկողության տակ գտնվող տարածքների վերադարձն է»,- նշել է ընդդիմադիր գործիչը, ընդգծելով, որ բանակցություններում խաղի կանոնները փոխելու միակ միջոցը ԼՂՀ անկախության ճանաչումն է: