Լեհաստանի ԱԳՆ-ն հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Լեհաստանն ու Շվեդիան առաջիկա 10 տարում հետխորհրդային երկրները Եվրամիության կազմում ընդգրկելու համար հիմքեր չեն տեսնում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Միկոլայ Դովգելեւիչը:
«Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը հոկտեմբերի 6-ին նամակ են հղել, որում արձանագրել են հարեւանության քաղաքականության ընդհանուր տեսլականը՝ ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հարցման»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Այնտեղ բացարձակապես որեւէ ժամկետ չկա, այլ հույս է հայտնվում, որ ԵՄ-ն ակտիվացնի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը «Արեւելյան գործընկերության» երկրների հետ»,- ասել է գերատեսչության մամուլի քարտուղար Մարչին Բոսացկին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե նամակում գրված է, որ ԵՄ-ն առաջիկա 10 տարում չի կարող հետխորհրդային երկրներին ընդգրկել իր կազմում:
Նամակում նաեւ կոչ է արվում լավ պատրաստվել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:





























