Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղհանը հայտարարել է, որ Իրանը կարող է ռուսական ինքնաթիռներին հնարավորություն ընձեռել օգտվելու Համադանի «Նոժե» ավիաբազայից: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

«Եթե դա պահանջեն իրավիճակը եւ պայմանները, որոնց դեպքում անհրաժեշտ կլինի աջակցել, մենք դա կանենք»,- հայտարարել է Դեղհանը՝ մեկնաբանելով Համադանի բազան ռուսական ինքնաթիռների կողմից դարձյալ օգտագործելու հավանականությունը:

Ռուսաստանի ռազամատիեզերական ուժերը առաջին անգամ օգոստոսի կեսերին են օգտվել «Համադան» օդանավակայանից՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին հարվածելու համար: Նախկինում Ռուսաստանի ՌՏՈւ-ն հարվածներ էր հասցնում Սիրիայի Հմեյմիմի օդանավակայանում տեղակայված ուժերի միջոցով:

Շուտով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ ՌԴ ՌՏՈւ ինքնաթիռները, որոնք իրանական ավիաբազայից հարվածներ էին հասցրել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին, վերադարձել են Ռուսաստանի տարածք: Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ՌԴ ՌՏՈւ-ի կողմից Իրանում Համադանի ավիաբազայի հետագա օգտագործումը կիրականացվի ահաբեկչության դեմ պայքարի փոխադարձ համաձայնությունների հիման վրա եւ կախված Սիրիայում ստեղծվող իրադրությունից: