Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը` ընդգծելով, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական եւ ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարեւորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների տնտեսությունների ինտեգրման խորացմանը, մաքսային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ընթացակարգերի կատարելագործմանը, որի շնորհիվ նաեւ հնարավորություն է ստեղծվում առաջացող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու:

Նա հույս է հայտնել, որ մաքսային ծառայությունների ղեկավարների երեւանյան նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերն ու դրանց վերաբերյալ կայացվելիք որոշումները թույլ կտան նոր որակի բարձրացնել մաքսային ծառայությունների միջեւ համագործակցությունը: Այդ ամենը, նախագահի խոսքով, կնպաստի մասնակից-պետությունների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ակտիվացմանն ու, ի վերջո, տնտեսության զարգացման հետ միասին` քաղաքացիների բարեկեցությանը, ինչը բխում է ցանկացած պետության շահերից:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախագահին` Երեւանում նիստն անցկացնելու հրավերի համար` նշելով, որ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հաճախակի դարձած հանդիպումներն անցնում են բավականին գործնական մթնոլորտում եւ փոխադարձաբար օգտակար են: Նրանք Սերժ Սարգսյանին ներկայացրել են ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը: Ս. Սարգսյանը հաջողություն է մաղթել խորհրդի աշխատանքին: