Ադրբեջանական պատմագրությունը առ այսօր խճճված է իր ժողովրդի «միդիական», «աղվանական» եւ «թուրքական» ծագումնաբանական կոկտեյլի մեջ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հանրապետական պատգամավոր Էդվարդ Շարմազանովն ու հավելեց. «Մինչեւ 1918 թվականը աշխարհին հայտնի չէ Ադրբեջան անունով պետական միավորում, ավելին հարկ է նշել, որ Ռուսական կայսրության կործանման հետեւանքով առաջացած այդ պետության մեջ կովկասյան թաթարները կամ կովկասյան թուրքերը, ի տարբերություն հայերի, թալիշների, լեզգիների, ուդիների, ավարների, ռուսների եւ քրդերի, փոքրամասնություն էին կազմում»:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում կովկասյան թուրքերի պետության ստեղծումը բացառապես պայմանավորված էր` Նուրի փաշայի գլխավորությամբ թուրքական կանոնավոր բանակի ինտերվենցիայով:

«Այդպիսով Ադրբեջանը պետք է լիներ կամուրջ` Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները իրագործելու համար: Պատահական չէ, որ նրանց նախագահներից Աբուլֆազ Էլչիբեյը նշեց, «չկա ադրբեջանական լեզու, կա թուրքական լեզու:

Մինչեւ 1936 թիվը «ադրբեջանական ազգ» հասկացություն գոյություն չուներ, այն շրջանառության մեջ մտավ Ստալինի թեթեւ ձեռքով, ով արհեստականորեն տարբերակում մտցրեց Խորհրդային Ադրբեջանի թաթարների եւ Փոքր Ասիայի թուրքերի միջեւ, հաշվի առնելով այն գաղափարական տարբերությունը, որ կար երկու պետությունների միջեւ:

Չնայած Բաքվի գեբելսյան պրոպագանդայի հավաստիացումներին, պետք է նշել, որ Կովկասյան թուրքերը ոչնչով աչքի չընկան, նույնիսկ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին` չծնելով քիչ թե շատ հայտնի որեւէ զորահրամանատար: Սրանով է բացատրվում, որ արդեն անկախ Ադրբեջանում անարգվեցին  Երկրորդ աշխարհամարտի հերոսների հուշարձանները` այդ թվում Անանուն զինվորի հուշարձանը Բաքվում:

Հաշվի առնելով, որ մեր արեւելյան  հարեւանները  հանդես են գալիս այնպիսի  կեղծ պատմագիտական  հայեցակարգերով, որոնք  զավեշտալի են այն աստիճան, որ անգամ հայտնի «Ոդիսական»-ում`  «կիկլոպներին նկարագրելով Հոմերոսը նկատի է ունեցել Ադրբեջանին ու ադրբեջանցիներին»,  այն որ հայտնի «Գիլգամեշի» էպոսը «ադրբեջանական հնագույն գրականության գոհարներից է», ուղղակի աննշան են  «Խորհրդային Նախիջեւան» թերթի այն հրապարակման հետ, ըստ որի` Նոյ նահապետը հռչակված է «ադրբեջանցի հնագույն գիտնական, աստղագետ»:     

Այնպես որ, հաշվի առնելով ադրբեջանական պատմագրության ծիծաղելի զինանոցը, կարծում եմ, որ դեռ Ալիեւ կրտսերը կշարունակի օգտվել այդ նյութերից` զվարճացնելով ոչ միայն հարեւաններին, այլեւ ողջ աշխարհին»,- նշել է Շարմազանովը: