Հայաստանում Ֆրանսիական համալսարանից հեռացված 14 դասախոսների գործով դատավարության ընթացքում պատասխանող կողմը, այսինքն՝ Ֆրանսիական համալսարանը, փաստաթղթեր է ներկայացրել, որոնք, իբրեւ թե հաստատել են, որ աշխատանքից ազատված դասախոսների արձակուրդայինները վճարված են եղել եւ այդ առումով ոչ մի խնդիր չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին վարիչ Գայանե Հակոբյանը։
«Բայց փաստն այն է, որ արձակուրդայինները ընդհանրապես չեն տրվել եւ աշխատանքային գրքույկներում նորմալ գրանցումներ չկան։ Այսինքն՝ օդի մեջ է մնում 2000 թվականից մինչեւ 2004 թվականի ունեցած մեր աշխատանքային ստաժը։ Բացի դրանից, պատասխանող կողմը պնդում էր, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում»,- պատմեց համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին վարիչը՝ հիշեցնելով, որ իրենց՝ հայցվորների պահանջը աշխատանքի վերականգնվելն է, հարկադիր պարապուրդի համար իրենց աշխատավարձերի ստացումը։ «Դրա պատասխանները մենք ունենք Աշխատանքի տեսչության ստուգումների արդյունքում»,- հավաստիացրեց Հակոբյանը։ Նա նաեւ ավելացրեց, որ հաջորդ դատավարությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նոյեմբերի 5-ին։
Նշենք, որ օգոստոսի սկզբին աշխատանքից հեռացված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքի վերականգնելու պահանջով դիմել էին դատարան։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկն էլ իր հերթին ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին:





























