Պաշտոնական Թեհրանը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել Քաբուլին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Նրա խոսքով, Իրանը Աֆղանստանում կայունության համար ֆինանսական օժանդակություն է հատկացրել այդ երկրին եւ ապագայում եւս շարունակելու է դա, գրում է իրանական Mehr գործակալությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրուլիին այս առնչությամբ հայտարարել է, որ Իրանի Աֆղանստանին տրամադրվող օգնությունը կասկածելի նպատակներ է հետապնդում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հոկտեմբերի 25-ին Տաջիկստանի նախագահ  Էմոմալի Ռահմոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պարբերաբար ֆինանսավորում է իր վարչակազմին` տրամադրելով կանխիկ գումար:

Քարզայի խոսքով, նախագահի աշխատակազմի աշխատակիցները Իրանից տարին մի քանի անգամ ստանում են 500-600 հազար եվրո կանխիկ գումար: Այդ փողերը, նախագահի խոսքով, օպերատիվ ծախսերի համար են, եւ նրանք կարող են նույնիսկ  մանրամասն ներկայացնել, թե ինչի վրա են ծախսվել:

Քարզայը հաղորդել է, որ նմանատիպ օգնություն ստանում են նաեւ ԱՄՆ-ից  եւ «Աֆղանստանի բարեկամ այլ երկրներից»:

Ավելի վաղ The New York Times պարբերականում հոդված էր տպագրվել այն մասին, որ Իրանը պարբերաբար մեծ գումարներ է տալիս Աֆղանստանին: